Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, ներառվել է «Օսկարի» կարճ ցանկում, ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
«Տեղի է ունեցել մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ «Օսկարի» «շորթլիսթ»՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։ Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարեւոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից` սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,– գրել է նա։
«Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ էր դարձել:
Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և անմիջապես ձերբակալվում:
Ֆիլմի օպերատորն է Ղասեմ Էբրահիմյանը։
Դերերում՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Նարինե Գրիգորյան, Ժան — Պիեռ Նշանյան։