ԳլխավորԼուր

Ֆրանսիական համալսարանը 17-րդ անգամ շրջանավարտներ տվեց

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, հայտնում են նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ Ֆրանսիական համալսարանը նրանց զինել է մրցունակ գիտելիքներով, արժեքներով ու հմտություններով:

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ներկապնակում զբաղեցնելով ուրույն տեղ՝ Ֆրանսիական համալսարանը միաժամանակ հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է: Համալսարանը տեսանելի հաջողություն ունի իրականացրած կրթական ծրագրերի, շարունակաբար աճող դիմորդների թվի և շրջանավարտների՝ աշխատաշուկայում աշխատանք գտնելու ցուցանիշներով: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը համալսարանի ստեղծման և զարգացման գործում ցուցաբերած հետևողական աջակցության համար»,- ողջույնի խոսքում նշել է Կարեն Թռչունյանը:

Կարեն Թռչունյան

Շրջանավարտներին ողջունել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:

Անանուն քվեարկության արդյունքում ՀՖՀՀ այս տարվա շրջանավարտները կրում են հայ առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի անունը, որն անգնահատելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու ու փրկված փախստականներին աջակցելու գործում:

Դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թ. պատերազմի ու մարտական այլ գործողությունների հետևանքով զոհված ուսանողների: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ՀՖՀՀ-ի 11, 2022 թ. սեպտեմբերյան մարտերի ժամանակ՝ 2 ուսանող:

«Մենք, իհարկե, չենք մոռանում ձեր ընկերներին, որոնք զոհվեցին 2020 թ., 2022 թ. պատերազմների ընթացքում. նրանք միշտ մեզ հետ են: Առավել ևս նրանց հիշատակի համար մենք բոլորս պարտավոր ենք շարունակել կառուցել այս երկրի ապագան: Ֆրանսիան Հայաստանի կողքին է այդ գործում: Ֆրանսիական համալսարանը գոյություն ունի 20 տարուց ավելի, և այսօրվա շրջանավարտները ՀՖՀՀ 17-րդ ավարտական հոսքն են: Վստահ կարող եմ ասել՝ այս համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենահաջողված ծրագրերից է»,- իր խոսքում նշել է ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի համագործակցությունը գիտակրթական ոլորտում:

ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին նախ շնորհակալություն է հայտնել ՀՖՀՀ հիմնադիրներին, գործընկեր համալսարաններին, ակադեմիական համայնքին ու բոլոր ձեռնարկություններին, որոնք Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցել են այս տարիներին:

Սալվա Նակուզի

«Թանկագի՛ն շրջանավարտներ, ՀՖՀՀ-ն միշտ կմնա ձեր ընտանիքը: Հիմա, եթե դեռ կարող եմ ձեզ մի վերջին խորհուրդ տալ, ուզում եմ ասել՝ այսօրվանից սկսում եք թռչել սեփական թևերով, ու խորհուրդս է՝ այդ թռիչքի ընթացքում երբեք չդադարեք սովորել: Առօրյա հոգսերի մեջ շարունակեք կրթվել ու վերապատրաստվել. դրա կարիքը լինելու է ամբողջ կյանքում: Գիտեմ՝ բոլորդ անհանգիստ եք ստեղծված իրավիճակով, բայց դիմադրելու տարբեր ձևեր կան: Դիմադրե՛ք ձեր գիտելիքով, ձեր տաղանդը ծառայեցրեք՝ ի նպաստ երկրի. դա դիմադրելու լավագույն տարբերակներից է», – ասել է Սալվա Նակուզին:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք է հայտնել Իրավագիտության բաժինն ավարտող Էլեն Մարգարյանը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Դիանա Աբգարի անունը կրող շրջանավարտների անունից: Մենք ամփոփում ենք մեր կյանքի ամենապատասխանատու ակադեմիական տարիները, որոնք յուրաքանչյուրիս համար ճանապարհ են բացել դեպի մեծ աշխարհ: Շնորհավորում եմ բոլորիս ու ուզում եմ հիշեցնել՝ նպատակներն անպայման կատարվում են, երբ դրանց հետևից գնալու բավարար համարձակություն ենք ունենում»: