ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները գնդակահարել են հայ գերիներին. ԵՄ արձագանքը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը: Նա իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն»,-գրել է եվրոպացի պաշտոնյան։

Այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներում հայտնվել էին կադրեր, որտեղ երեւում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմից կա 3 զոհ։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։

Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: