ԳլխավորՀայաստանս

Ապրիլյանի հերոս Գեւորգ Վարդանյանը կդառնար 24 տարեկան

Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1996 թ.-ին, Գյումրիում։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։  9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։

18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Եղել է Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թ.-ի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գեւորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել էր շնորհակալագրի։

2016 թ.-ի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գեւորգն ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել հակառակորդի գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գեւորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են ապրիլի 4-ին՝ Թալիշում մղված մարտերի ժամանակ։

Գեւորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիություն» մեդալներով։

Գյումրու թիվ 7 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է նրա անունով:

Comment here