ԳլխավորԼուր

Գարնանային գիշերահավասարի օրն է. Լևոն Ազիզյան

Գարունը կոնսերվատորիայի զբոսայգում

Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը, ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Այսօր Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:

Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը

Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրն ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։

«Մեր ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին»,-գրել է Ազիզյանը:

Հավելենք, որ գարնանային գիշերահավասարը նաև մշակութային մեծ նշանակություն ունի։ Որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, այս օրը համարվում է Նովրուզի՝ Նոր տարվա սկիզբը։ Այդ տոնը գալիս է հնագույն ժամանակներից, կապված է զրադաշտական ավանդույթների հետ և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews