ԳլխավորԼուր

Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է

Ոստիկաններ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 6.1 տոկոսով կամ 1201 դեպքով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի ավելացմամբ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

« 2020 թվականի 9 ամիսներին կազմել է 19662 դեպք, իսկ 2021 թվականին 9 ամիսներին՝ 20863, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով»,- ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանության պետի տեղակալի խոսքով`գրանցված 20863 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ:

«Դրանք կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը»,- հավելեց Ֆիդանյանը:

Ոստիկանության պետի տեղակալը հավելեց նաև, որ առանձին հանցատեսակներից աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոց փախցնելու և ճանապարհային երթևեկության խախտելու դեպքերը:

Comment here