2021թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հարևանի տանից կրակոցի ձայներ են լսվել: Ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին և ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել են թափանցող հրազենին նմանվող վնասվածքներ, իսկ աջ աճուկային հատվածում՝ 3սմ չափով կտրած-ծակած վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, 1 հատ նույն տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև արնանման հետքեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, առգրավվել է տուժողի կրած հագուստը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։