ԳլխավորԼուր

Գայ գյուղի եկեղեցու մոտ հայրը սպանել է որդուն

Հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:

65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները: