ԳլխավորԼուր

Մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով հայագիտության կարևորությունը՝ որպես հետազոտության, ճանաչողության, վերլուծության անսպառ աղբյուրի: Ըստ նրա՝ հայագիտությունը կարևոր է Հայաստանի համար պետության ամրապնդման տեսանկյունից, իսկ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումներին և նոր մարտահրավերներին:

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թվականից իրականացվող օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը 2024 թվականի դրությամբ իրականացվում է 12 պետությունների 15 հայագիտական կենտրոններում, որոնցում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ և հետազոտողներ:

Կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ու ԲԳԿ նախագահը պատասխանել են մասնակիցների տարաբնույթ հարցերին:

Մատենադարանում նույն օրը կազմակերպվել է նաև «Գրատոն» միջացառումը, որի շրջանակում ցուցադրվել են հայագիտական կառույցների և տարբեր հրատարակչությունների հրատարակած տարաբնույթ գրքերը, հանդեսները, պատկերագրքերը:

Միջազգային հայագիտական կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը. քննարկումներ են նախատեսված նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում:

Մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը