Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն, տեղեկացնում են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից։
Այս կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպել է պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովի հետ:
Նշվել է, որ ամբիոնն ու հայագիտական բաժինն իրենց աշխատանքները կսկսեն 2024 թվականի սեպտեմբերից: Այստեղ կուսումնասիրվեն հայոց լեզուն, այդ թվում ՝ գրաբարը, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև կզարգանան համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ:
Բաժնի դասավանդմամբ և համակարգմամբ զբաղվելու է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի շրջանավարտ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Անուշ Մարգարյանը:
Բարձր գնահատելով նման կարևոր նախաձեռնությունը՝ Եզրաս Սրբազանն իր օրհնության և գնահատանքի խոսքն է ուղղել Մուրավյովին և մեծ կարևորություն տվել համալսարանի և թեմի միջև համագործակցությանը: