ԳլխավորԼուր

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։

Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։

Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմից կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: