ԳլխավորԼուր

Հայկոն մահացել է

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) մահացել է, տեղեկացնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Երգիչը վարակվել էր COVID-19-ով։

Հայկ Հակոբյանը ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։

Հեղինակել է «Մի՛ վախեցիր» (2007 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Սպանված աղավնի» (2009 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011 թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011 թ.), «Գարեգին Նժդեհ» (2013 թ.), «Մեր սրտի տնակը» (2014 թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ:

2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ:

Ունի մեկ որդի:

Comment here