ԳլխավորԼուր

Թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին։

Նա ավտոմեքենայի պատուհանից ժպիտով ձեռքով ցույց է տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ փողոցում հավաքված նրան ողջունողները ծափահարել են ի պատասխան։

Տեսանյութը հրապարակել է թուրքական Middleeasteye-ի թուրք թղթակից Ռագըփ Սոյլուն։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է 1948 թվականին՝ Թուրքիայի Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, դավանում է պանթուրքիստական և նեոֆաշիստական գաղափարախոսությունները։

Կազմակերպության գրոհայինները մեղադրվում են մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։

«Գորշ գայլերը»` որպես ահաբեկչական ու ազգայնական կազմակերպություն, արգելված է մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում`Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում։

Կազմակերպության գործունեությունն արգելված է նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում` ՀԱՊԿ 2016թ-ի ընդունած որոշմամբ։

Հավելենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1965թ.-ին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի` Ուրուգվայի հայ համայնքին ուղղված ժեստից հետո այդ երկրի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն Թուրքիայի դեսպանին ապրիլի 25-ին կանչել է ԱԳՆ։