ԳլխավորԼուր

ԿԳՄՍ-ն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ

Հայոց պատմության դասագիրք

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։

Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ (Հանրակրթության պետական չափորոշիչ) 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրի մեջ։

Հարկ է նշել, որ մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում:

Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը: