Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մխիթարյանը Պուտինին, Մակրոնին, Թրամփին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրել է կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մխիթարյանը նամակի հասցեատերերից խնդրել է միջամտել և կանգնեցնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հայտնել, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են ագրեսորների դեմ, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդի ապրելու իրավունքը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը, դպրոցները ու խաղաղ բնակչության նկատմամբ հարձակում գործելու համար կիրառում է կասետային ռումբեր:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը նաև հավելել է, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին ուժերի միջամտությամբ, ինչը սպառնալիք է ներկայացնում նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության անվտանգության համար, իսկ Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ:

«Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և նախևառաջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, խնդրում եմ ձեր միջամտությունը և կոչը Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել այդ ավերիչ պատերազմը: Առաջնագծում երիտասարդը զոհվում է կամ անվերադարձ վիրավորվում` ապագայում իր երկրի պետականաշինությանը մասնակցելու փոխարեն։ Ի խորոց սրտի, խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը` մարդկային այս ողբերգությունը դադարեցնելու և կողմերին խաղաղ բանակցությունների վերադարձնելու համար»,- նշել է Մխիթարյանը:

Comment here