ԳլխավորԽճանկար

Հին Նոր տարի

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը «համարժեք է» դեկտեմբերի 31-ին:

Հունվարի 1-ից օրացույցային տարին սկսելը սահմանվել է դեռ մ.թ.ա. 45թ-ին, հին հռոմեական զորահրամանատար և կայսր Հուլիոս Կեսարի կողմից։ Հունվար ամիսն իր անունը ստացել է անտիկ աստված Յանուսի պատվին։ Այդպես Կեսարը գործածության մեջ է դրել Հուլիան օրացույցը, որը հիմնական է դարձել աշխարհի շատ երկրներում` ընդհուպ մինչև 1582թ.։

XVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին, երբ Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։

Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21-ին, երբ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ. Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր շուտ։

Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։

20-րդ դարում հուլյան՝ հին և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է արդեն 13 օր։ 2100 թ.-ին հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն կկազմի 14 օր:

Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Վրաստանում հունվարի 13-ին ոչ պաշտոնապես տոնվում է Հին Նոր տարին։

Հին նոր տարին, ըստ հուլյան տոմարի` (նախկինում սուրբ Սիլվեստրի օր, գերմ. Alter Silvester) տոնում են նաեւ Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կենտրոններում։

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 13-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության օրը, որի պատվին բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։

 

Comment here