Երևանում ապրիլի 13-ին մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բացման արարողությանը Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ սա աննախադեպ իրադարձություն է հայկական հոկեյի պատմության մեջ։ Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը, որի ընթացքում առաջնության պաշտոնական թալիսմանի՝ «գամփռի» գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին այսօր՝ ապրիլի 14-ին, կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։