ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ճարտարապետություն և շինարարություն
- Հնագիտություն
- Լեզվաբանություն
- Բժշկություն
- Արաբերեն լեզու
- Իսլամագիտություն
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 2-ից 9-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ը:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
- հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` թարգմանված անգլերեն և նոտարական հաստատմամբ,
- բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` թարգմանված անգլերեն և նոտարական հաստատմամբ,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
- բժշկական տեղեկանք (անգլերեն),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ.՝ +37410-599-646)։
Ծանոթություն.
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews