ԳլխավորԼուր

Հայ մարզուհիները ոսկի, արծաթ ու բրոնզ են նվաճել Եվրոպայի հրաձգության առաջնությունում

Արուսյակ Գրիգորյան, հրաձգություն

Աիդա Ազատյանը դարձել է Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների հրաձգության առաջնության հաղթող, Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Վազող թիրախ նորմալ վազք վարժության երիտասարդների անհատական պայքարի որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ գտնվեց Ազատյանը։

Արդյունքում՝ 7:5 հաշվով Աիդա Ազատյանը հաղթանակ տոնեց և դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող։

Լիլիթ Մկրտչյանը, տոնելով իր նորամուտը Հայաստանի հրաձգության հավաքականում, նվաճեց երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։

Արուսյակ Գրիգորյանն էլ որակավորման փուլում խոցեց 559 միավոր և հայտնվեց լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակչում 8:6 հաշվով հաղթելով ուկրաինացի մարզուհուն՝ նա նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի առաջնության հաղթող էր դարձել Հայաստանը ներկայացնող հրաձիգների եռյակը (Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews