ԳլխավորԽոսք

Հրանտ Դինք. «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»

Հրանտ Դինք

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի (15.09.1954-19.01.2007) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա վերջին հոդվածը` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», որը տպագրվել է արդեն նրա սպանությունից հետո:

«Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև «թուրքերին նսեմացնող» անձ: Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ և սպառնալիք են պարունակում: Ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որևէ  պատասխան չեմ ստացել:

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով` ոչ: Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս: Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով: Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, և զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»:

Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում` մտահոգությունը: Մի կողմում` զգոնությունը, իսկ մյուսում` երկչոտությունը: Ինչպես աղավնին: Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները` նույնքան արագ:

Ահա սա է այն ամենի գինը: Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը: Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որևէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»: Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը… Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբևէ աղավնի չեք տեսել:

Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ: Եթե ասեի` «Գնանք», գալու էին. «Մնանք»` կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ: Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր… Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին…  Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար…

Հավանական է, որ 2007-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա` ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:

Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»: Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ»:

Comment here