Քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը ու տրվեց «Մանկական Եվրատեսիլ — 2022» միջազգային երգի մրցույթի մեկնարկը։
Նույն ժամին միացվել են մայրաքաղաքի տոնական լուսավորություն քաղաքի այլ հատվածներում։
Հանդիսությունը վարում են «Մանկական Եվրատեսիլում- 2011»–ում Հայաստանը ներկայացրած Դալիթան, «Եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը ներկայացրած Արամ Mp3-ն և հաղորդավար Համլետ Առաքելյանը:
Նշենք, որ այս տարի երգի մրցույթի 20-րդ հոբելյանական տարին է։ Այսօր հրապարակում նախատեսված են նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինի և «Մանկական Եվրատեսիլ 2021–ի» հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի ելույթները:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը կարժենա 60 մլն դրամ, դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, Հանրապետության հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար կծախսվի 6 մլն 600 հազար դրամ, տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ։
Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։