ԳլխավորԼուր

Այսօր նշվում է կամավորների միջազգային օրը

Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը, հիշեցնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։

2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործընկեր կազմակերպության հետ օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը։

Ծրագրին մասնակցել են Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդներ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։

Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել են իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ փափուկ հմտություններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թ.-ին ևս իրականացնելու է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը բյուջեի կրկնակի ավելացմամբ։