ԳլխավորԼուր

Հայաստանում երիտասարդ կհամարվի և 13 տարեկան դեռահասը, և 35-ամյա տղամարդը կամ կինը

Արցախցի դպրոցականներ

ՀՀ–ում նախատեսվում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13–35 տարեկանը։ «Երիտասարդության քաղաքականության մասին» նոր օրենքի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ խոսքով` նոր օրինագծով կսահմանվի պետական քաղաքականության առաջնահերթությունները, և այն շրջանակային փաստաթուղթ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար։

«Այս օրինագիծը միտված է լինելու երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, հիմնախնդիրների լուծմանն ու դրանց շուրջ քննարկումների ծավալմանը»,– նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ այս նպատակի իրականացման համար դեռ 2022 թվականից ՀՀ մարզերում կառավարության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ մեկնարկել է երիտասարդական 5 կենտրոնների գործունեությունը Ապարանում, Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Վանաձորում։

Անդրեասյանի խոսքով` այս տարի տարբեր մարզերում կենտրոնների թիվը կավելանա ևս 4–ով, իսկ 2025 թվականին` ևս 6–ով, որոնք նաև հասցեագրած կլինեն չաշխատող, չսովորող երիտասարդներին։

«Այս երիտասարդական կենտրոններում կա ամենատարբեր զբաղմունքների հնարավորություն։ Երիտասարդները համայնքում արդեն տեղ ունեն հավաքվելու, իրենց գաղափարները քննարկելու և դրանցից մի լավ ու հետաքրքիր ծրագիր առաջարկելու, հետո իրականացնելու համար»,– ասաց նախարարը։

Օրենսդրական նախագիծը կներկայացվի Ազգային ժողով` քննարկման։

Ի դեպ, ՀՀ–ում 18–29 տարեկան չաշխատող ու չսովորող երիտասարդների տարեկան միջին թիվը հասնում է մոտ 100 հազարի։