ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու Ամենամյա երիտասարդական ֆորումին:
Ֆորումի նպատակներն են՝
• Երիտասարդական աշխատանքի զարգացումը՝ ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին,
• ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների գործունեության զարգացումը,
• Պետական, տեղական և միջազգային մակարդակներում երիտասարդների մասնակցության ակտիվացումը:
Ֆորումը իրականացվելու է 4 թեմատիկ աշխատարաններով. դրանք են՝
1. Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքներում (ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները):
2. Երիտասարդական կենտրոնների գործունեությունը Երևանում, ՀՀ մարզերում, համայնքներում, առանձնահատկությունները, առկա խնդիրները:
3. Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
4. Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն առցանց՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ընտրությունը կկատարվի լրացված հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով երիտասարդների՝ հասարակական կյանքին ներգրավվածությունը և մարզային համաչափ բաշխումը:
Ամենամյա երիտասարդական ֆորումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ից 30-ը Աղվերանում։
Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։