ԳլխավորՓորձադաշտ

Երբ պահն անհետանա, դու քեզ կկորցնես

Երբ փակում ես աչքերդ ու դուրս գալիս իրականությունից, հայտնվում ես խելառ երևակայությանդ թակարդում: Մե′կ դառնում ես պոետ, մե′կ վարորդ, մե′կ էլ ուղևոր, կամ էլ բոլորը միասին: Քեզ մոտ նրանք դառնում են քո գերին, կամ դու նրանցը: Ժամանակն ու տարածությունն էլ քեզ հետ կորցնում են իրենք իրենց, նրանք էլ են այն անհեթեթի կարիքը զգում, կապ չունի, որ այդ անհեթեթն անկանոն է, դրանում կյանք կա, կյանք առանց հաշվարկների: Այդ անկանոնը, անկատարը ինչքան էլ մյուսների աչքին թվան կիսատ, անճանաչելի, քեզ համար կլինեն կատարյալ:

Դու միշտ ուզում ես պահը գրկել ու տանել քեզ հետ այն քմահաճ ուղևորի հետ, ուզում ես գնալ ու կանգ չառնել, ուզում ես կանգառներում տագնապ չապրել, ուզում ես չլսել ու չտեսնել պահի անհետացումը, որովհետև երբ այն անհետանա, դու քեզ կկորցնես, և ավտոբուսը սովորականի նման կանգառներ կունենա, կրկին ամեն կանգառում կմտածես իջնել, թե շարունակել:

Այն անհետացած պահը կլինի մեր երևակայության և իրականության ինչ-որ տեղ հատված կետ, փոքրիկ դաջվածքի նման, որն արտաքինից կլինի անվտանգ, գեղեցիկ, իսկ ներսից կքայքայի ու միշտ կհիշեցնի իր մասին, այնպես որ դաջվածքներ անելուց առաջ պետք է երկար մտածել, թե որտեղ անել այդ դաջվածքը, պատրաստ կլինես դիմանալ ցավին, թե ոչ:
Մարդիկ խաղում են ու նայում ուրիշների խաղը, հիանում են կամ դժգոհում, ապրեցնում են իրար կամ սպանում, ուզում են, բայց «չեն կարողանում», չեն ուզում, բայց անում են, չեն նկատում անցանկալին, բայց իրականում հենց դա են նկատում, սիրում են, բայց տանջում ու տանջվում են, սպասում են, բայց գիտեն, որ իզուր է, գիտեն ու չեն ուզում իմանալ, ուղղակի չեն ուզում խաղալ, ուզում են միայն ապրել ապրելու և ապրեցնելու համար:

Ուղղակի յուրաքանչյուրի Կյանքը աշխարհի քարտեզին է նման. պատկերվում է տարբեր գույներով, հետաքրքիր ու պարզ է երևում դրսից, իսկ ներսում այնքան պատմություն է թաքցնում: Մենք ավելի շատ ջրում ենք, քան գունավոր պատկերված ցամաքում. ջրում մեր սխալներն ու փորձություններն են, դրանք մի կողմից մեզ նոր բան են սովորեցնում, մյուս կողմից քաշում խորքերը՝ չդիմանալու և չհասկանալու դեպքում, մենք կառչում ենք այդ ցամաքից ու քիչ-քիչ ստեղծում մեր գունավոր աշխարհը, որտեղ ամեն ինչ դասավորվում է իր կարևորության, հզորության աստիճանով և պայքարը կրկին ու կրկին շարունակվում է, չէ՞ որ ջուրը երկրի մակերևույթի 70%-ն է կազմում…

ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի

Comment here