Այսօր երրորդ հարկի պատուհանից նետված Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պարզվել է, որ աշակերտի ոտքը երկու տեղից կոտրված է, ճակատային հատվածում ունի պատռվածք։
Ինչպես News.am–ին պատմել է դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը` դեպքը տեղի է ունեցել աշխարհագրության դասի ժամանակ:
«Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է, և փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի, մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել»,– ասել է տնօրենը:
Նրա խոսքով` տղան ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել. դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա։ Տնօրենը նաև նշել է, որ դպրոցում այդ աշակերտը որևէ խնդիր չի ունեցել:
Վարդանյանը ենթադրում է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաև ենթադրում է, որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: