ԳլխավորԼուր

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին

Տոմոտակա Սեկի

Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները‚ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այս տարի մրցույթն անցկացվել է «Ջութակ» մասնագիտական կարգում։

Առաջին մրցանակը նվաճել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան), իսկ երրորդ մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող Ռիո Արաին։

Տոմոտակա Սեկի
Ջութակահար Տոմոտակա Սեկի

Առաջին մրցանակակիրը պարգևատրվել է 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Հաղթողը նաև հնարավորություն է ստանում 2025-26 թթ. համերգաշրջանի ընթացքում 1 համերգով հանդես գալու մրցույթի կողմից առաջարկվող նվագախմբի հետ։ Նա կպարգևատրվի նաև ջութակով՝ Ֆլորիան Լեոնհարդի «Fine Violin» ջութակի հավաքածուից։ Գործիքը մրցանակակրին կտրամադրվի մեկ տարով: Առաջին տեղի մրցանակակրին շնորհվել է նաև հատուկ մրցանակ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Էսթեր Հաֆների կողմից՝ «Haffnerbows» ընկերության արտադրության աղեղ։

Սերգեյ Մկրտչյան
Ջութակահար Սերգեյ Մկրտչյան

Երկրորդ մրցանակակիրը պարգևատրվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նա հնարավորություն է ստանում երկու տարի ժամկետով ելույթ ունենալու Laureate Concert Group-ի կողմից տրամադրվող Strad ex-Huberman (1713) ջութակի կրկնօրինակով։

Երրորդ տեղը զբաղեցրած ջութակահարը պարգևատրվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ ինչպես նաև մեկ ելույթի հնարավորություն է ստացել Բեռլինի Բլեքմոր համերգասրահում 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։

Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։

Ռիո Արաի
Ջութակահար Ռիո Արաի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մրցույթի մասնակիցներին ու հաղթողներին։

Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակակիր Տոմոտակա Սեկին մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ելույթից հետո նա նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր մրցույթում ստանալ առաջին մրցանակը‚ իսկ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն ուղղակի հրաշալի է։ Նա շնորհակալություն հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որի օգնությամբ կարողացել է լավագույնս ներկայանալ ստուգատեսի ընթացքում։

Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր Սերգեյ Սմբատյան

Այս տարի Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին գլխավորում էր հայ անվանի ջութակահար, պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում էին Անա Չումաչենկոն (Գերմանիա)‚ Կո Գաբրիել Կամեդան (Գերմանիա)‚ Պետեր Չաբան (Ֆրանսիա)‚ Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան)‚ Վերա Ցու Վեյլինգը (Չինաստան)‚ Էսթեր Հաֆները (Ավստրիա)։

Նշենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ավանդաբար անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը