Ազգային ժողով — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որն ավարտվել է նախորդ շաբաթ-կիրակի օրերին:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորման թե՛ դիմելիության, թե՛ մասնակցության բարձր ցուցանիշները փաստում են, որ համակարգն ուսուցիչների համար վստահելի է և նպաստում է վարձատրության բարելավմանն ու մասնագիտական զարգացմանը։ Նախարարը տեղեկացրել է՝ այս տարի բողոքարկման գործընթացը ևս իրականացվել է էլեկտրոնային եղանակով:
«Մասնակցության համար դիմել էր ավելի քան 8400 ուսուցիչ. շատ ուրախ եմ, որ նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը: Արդեն այս պահի դրությամբ՝ առանց վերջին բողոքարկումների արդյունքների՝ ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2%-ը հաղթահարել է դրական շեմը: Ընդ որում՝ նրանց մեծ մասն առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ էապես ընդլայնվել է կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը։
Նա նաև հիշեցրել է՝ մինչ այս կամավոր ատեստավորված էր ուսուցիչների 20 %-ը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


