ԳլխավորԼուր

Կարեն Թռչունյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թռչունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am պաշտոնական հարթակից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թռչունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի փետրվարի 23-ին՝ փոխարինելով Նարինե Թուխիկյանին։

Կարեն Թռչունյանը կենսաբանական գիտությունների պրոֆեսոր է։ Մինչև ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվելը եղել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, այնուհետև ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և գիտաշխատող։

Ունի 100-ից ավելի տպագրված աշխատանքներ մեծամասամբ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գրախոսվող ամսագրերում, մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովների և հանդես եկել բանավոր զեկուցումներով:

Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և մի շարք այլ համալսարաններում ու գիտական կենտրոններում: