ԳլխավորԼուր

Արցախում որոշ սննդամթերքներ ձեռք կբերվեն կտրոնով

Արցախի բնակիչները սննդամթերքի կտրոններ են ստանում

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ, հայտնում է «Արցախպրեսը»:

Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:

Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ 19 կետ կգործի:

Շրջկենտրոնների  բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները՝ իրենց համայնքապետարաններից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։