ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին ու 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։

Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճելուն մոտ էր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում 9:5 հաշվով պարտություն է կրել: Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում էր Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկու ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էին Արսեն Հարությունյանն (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):