Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ ու նվաճեց չեմպիոնի կոչումը։
Պարտվելով 1-4 հաշվով՝ Ամոյանը մրցամարտի ավարտից վայրկյաններ առաջ անսպասելի հնարքով վաստակեց 4 միավոր։ Մրցակից կողմի բողոքարկումից հետո Ամոյանը վաստակեց ևս մեկ միավոր ու հաղթեց 6-4 հաշվով։
Տեղեկացնենք, որ Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչին, ապա քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով առավելության էր հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում էլ Մալխաս Ամոյանը 6:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 23-ին:
Հիշեցնենք՝ Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների 2022 թ. չեմպիոն է։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի հնգակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր ավելի վաղ դուրս է եկել եզրափակիչ:
Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նա 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: