ԳլխավորԼուր

Ուշադրություն. One Card-ը չի վերահսկվում ՀՀ ԿԲ-ի կողմից

Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

Այս մասին նշված է ՀՀ ԿԲ-ի հաղորդագրության մեջ։

«Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է  դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով։

Այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը հասանելի է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում»,-նշվում են ԿԲ-ից։