ԳլխավորԼուր

Երևանի Օղակաձև այգու թենիսի կորտերը չեն քանդվի, բայց հնարավոր է՝ տեղափոխվեն. Երևանի քաղաքապետարան

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը

Երևանի քաղաքապետարանը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չունի, բայց չի բացառվում, որ դրանք կտեղափոխվեն, ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում դրանք այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,– նշել է Կոստանյանը։

«Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման: Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումներն այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտնային արահետների ցանց»,– գրել է Կոստանյանը։

Նա նշել է` նախատեսում են կառուցել շատրվաններ, սպորտային գոտիներ և հաճախորդների սպասարկման ու զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր:

Շախմատի տան շենքը, ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները, ենթակա են պահպանման: Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նաև բարեկարգել և տեսքի բերել դրանց հարակից տարածքները: