ԳլխավորԼուր

Լավագույն մանկավարժները կպարգևատրվեն մինչեւ 500 հազարական դրամով

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին մինչեւ 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։

Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել է դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ՝ բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։

Comment here