ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Փրեսլին

Լիզա Մերի Փրեսլի

Մահացել է ամերիկացի երգչուհի, երգահան Լիզա Մերի Փրեսլին, տեղեկացնում է Hollywoodreporter-ը:

Նա ռոքի արքա Էլվիս Փրեսլիի միակ երեխան էր, Մայքլ Ջեքսոնի առաջին կինը: Երգչուհին 54 տարեկան էր:

Փրեսլիին հիվանդանոց են տեղափոխել երեկ առավոտյան, երբ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։ Բժիշկները ստիպված են եղել 54-ամյա երգչուհուն ադրենալին ներարկել և սրտի անուղղակի մերսում կատարել զարկերակը վերականգնելու համար։ Ավելի ուշ նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք և արհեստական կոմայի մեջ գցել։

Լիզա Մարիի մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին, հաստատել է, որ դուստրը մահացել է։ «Մեծ ցավով ստիպված եմ հայտնել սարսափելի լուրը, որ իմ չքնաղ դուստրը՝ Լիզա Մարին, լքել է մեզ»,-ասել է նա։ Դստեր մահվան պատճառը Պրիսցիլա Փրեսլին չի հայտնել։

Լիզա Մարի Փրեսլին ծնվել է 1968 թվականին Մեմֆիսում և իր հոր ունեցվածքի միակ ժառանգորդն է դարձել ինը տարեկանում՝ Էլվիսի անսպասելի մահից հետո։

2003 թվականին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ «To Whom It May Concern»-ը, որը վաճառվել է մի քանի հարյուր հազար օրինակով։ 2005 թվականին թողարկվել է նրա երկրորդ ալբոմը՝ «Now What»-ը, իսկ 2012 թվականին՝ երրորդ և վերջին «Storm and Grace»-ը։

Լիզա Մարի Փրեսլին չորս անգամ ամուսնացած է եղել։

1994-ին ամուսնացել է երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ, դա տեղի է ունեցել առաջին ամուսնու՝ երգիչ Դենի Քեոգի հետ ամուսնալուծությունից ընդամենը 20 օր անց: 1996-ին, երբ Ջեքսոնը պայքարում էր երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների դեմ, նրանք ամուսնալուծվեցին։

2002 թվականին ամուսնացել է դերասան Նիկոլաս Քեյջի հետ, որն իր հոր մեծ երկրպագուն էր։ Բայց Քեյջը ամուսնալուծության հայց է ներկայացրել հարսանիքից ընդամենը չորս ամիս անց:

Լիզա Մարի Փրեսլիի չորրորդ ամուսնությունը՝ իր կիթառահար և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի հետ, ամուսնալուծությամբ ավարտվեց 2021 թվականին։

Նա երեք երեխա ուներ, որոնցից մեկը (Բենջամին Քեոգը) ինքնասպան է եղել 2020 թվականին։

Վերջին անգամ Լիզա Մարի Փրեսլին հասարակության մեջ էր հայտնվել հունվարի 10-ին Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։