ԳլխավորԼուր

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհին Լիտվայից վերադարձել է ոսկե մեդալով

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Riga Symphony» մրցույթի շրջանակում այցելեցին Լիտվա: Մրցույթի ավարտին Մարիցա Թիլիքյանն արժանացավ ոսկե մեդալի և «Root of talent» մրցանակի, հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից:

Երիտասարդ վոկալիստների եվրոպական մրցույթին Կ. Դավթյանը հրավիրված էր որպես միջազգային ժյուրիի անդամ, իսկ կենտրոնի մեներգչուհի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Մ. Թիլիքյանը՝ որպես մասնակից:

Այս հաղթանակը վկայում է մեծ տաղանդի, վոկալային բարձր տվյալների, դերասանական վարպետության, կատարողական արվեստի բարձր մակարդակի մասին, որը, ինչպես նշեց Կ. Դավթյանը, տարիների աշխատանքի արդյունք է:

«Մարիցան առաջին կուրսից եղել է կենտրոնի երգչախմբի անդամ, կարող ենք ասել՝ գիտելիքների հիմքը ստացել է հենց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Թատրոնում նա սովորել է դերասանի վարպետություն, ստացել բեմական խոսքի կրթություն: Համալսարանն ավարտելուց հետո էլ շարունակում է այցելել կենտրոն»,- ընդգծեց Կ. Դավթյանը:

Կ. Դավթյանի խոսքով՝ իր բեմադրած ելույթը հզոր տպավորություն էր թողել բոլորի վրա: Ելույթից հետո տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակցության հրավերներ ստացան, այդ թվում՝ բացօթյա համերգի հրավեր, որի ընթացքում Մարիցան հայերենով երգեց «Հայաստան» երգը:

«Երգում էին մոտավորապես 25 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից, բայց Մարիցայի երգից հետո բազմաթիվ մարդիկ մոտեցան ու սկսեցին հարցնել, թե ինչի մասին էր երգը, որ այդպիսի ազդեցություն թողեց իրենց վրա»,-  ասաց Կ. Դավթյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ տիկին Դավթյանը նշեց. «Գրանցվել են բավականին լուրջ արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ Հայաստանում կատարած աշխատանքները աշխարհի մակարդակով ինչ որակ ունեն և ինչ ազդեցություն կարող են թողնել օտարազգի մարդկանց վրա: Մրցանակակիր Մ. Թիլիքյանն էլ միշտ ասում է, որ իր հիմնարար կրթությունն ստացել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում»:

Նշենք, որ մրցույթի շրջանակում Կարինե Դավթյանը քսան երկրից եկած տարբեր մասնակիցների համար անցկացրել է «Շնչառական տեխնիկան՝ որպես վոկալի հիմնարար տարր» վերնագրով վարպետության դաս, որը մեծ արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրների վոկալի դպրոցների ներկայացուցիչների՝ մասնակիցների և ուսուցիչների կողմից: