ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը

Ռուդոլֆ Վաթինյան

Կյանքից հեռացել է հայ կինոօպերատորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից՝ տաղանդաշատ կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում սեփական ձեռագիրը թողած արվեստագետ Ռուդոլֆ Վաթինյանը, տեղեկացնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ 

«Նա իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է կինոյին, հայ կինոյին՝ թողնելով կինոօպերատորական արվեստի յուրօրինակ ընկալումներ: Նրա ուղին անցել է մոսկովյան հեղինակավոր կինոինստիտուտից՝ ՎԳԻԿ-ից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն տարիներ, երբ ստեղծագործական կյանքը արվեստագետի սկզբունքների դրսևորման ուրույն ճանապարհ էր:

Նրա անունն ուղղակիորեն շաղկապված է հայ կինոյում հավերժորեն մնացած անհատականությունների՝ Յուրի Երզնկյանի, Կարեն Գևորգյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց ու նրանց կերտած ֆիլմերի ստեղծագործական ընթացքի հետ՝ այդ ընթացքում թողած եզակիորեն տարբերվող ձեռագրով, արվեստային մտահղացումներով:

«Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Շեկ ինքնաթիռ», «Խոհարարները եկել են մրցույթի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիշերում առկայծող կրակը», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Քրմուհին» և այլն: Ահա այն ֆիլմերի ոչ ամբողջական ցանկը, որոնցում առկա է Ռուդոլֆ Վաթինյան արվեստագետը, նրա կինոմտածողությունը, նրա կինոընկալումը:

Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոններ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ դրսևորելով կառավարչական, մարդկային, գործընկերային իր ունակություններն ու հմտությունները:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, միության վարչության, կինոհանրության անունից խորապես ցավակցում ենք Ռուդոլֆ Վաթինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, բարեկամներին:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի գործընկեր»:

Comment here