Մատենադարանում տեղի է ունեցել «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:
Լաբորատորիան, միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի հավաքածուին ծանոթացնելուց բացի, հնարավորություն է տալիս նաև մասնակցելու ձեռագրերում առկա բաղադրատոմսերին և առաջարկություններին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործնական ընթացքին:
Ներկայացնելով լաբորատորիան՝ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանն ընդգծել է, որ առաջին անգամ լիարժեք կերպով այցելուների համար բացահայտվելու է մի ամբողջ մշակութային շերտ, այն է՝ ձեռագրերի ստեղծման պատմությունը, մատյանների կազմությունը և «ձեռագրի անատոմիան»։ Այցելուները, ըստ Խզմալյանի, հնարավորություն կունենան առնչվելու ձեռագրագիտության և բժշկագիտության՝ դարերով կուտակած փորձին, աշխարհի յուրատեսակ մի ընկալման, որտեղ մարդկային ոգու և մարմնի առողջությունն անջատ չէ արվեստից և տիեզերական իրողություններից։ Նա նաև նշել է՝ շուտով Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերի թիվը կհատի մեկ տասնյակը, և այդ շարքում իր առանձնահատուկ տեղն ունի հայ միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիան:
Ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Artbox-ի աջակցությամբ: