ԳլխավորԼուր

Մեծ Բրիտանիայի դպրոցներում բջջային հեռախոսները կարգելվեն

Դասասենյակ Անգլիայի դպրոցներից մեկում

Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանել, տեղեկացնում է The Times-ը:

Ուսուցիչները նոր լիազորություններ կստանան, այդ թվում՝ աշակերտների պայուսակները խուզարկելու թույլտվություն:

«Բջջային հեռախոսներն Անգլիայի դպրոցներում կարգելվեն այն ուղեցույցին համապատասխան, որն այսօր թողարկվել է դպրոցների տնօրենների համար՝ փորձելով նվազագույնի հասցնել անկարգությունները և բարելավել վարքը դասարաններում», — ասվում է հրապարակման մեջ:

Արգելքը խախտող աշակերտներին կարող են  դասերից հետո պահել դպրոցում, ինչպես նաև նրանց հեռախոսները կարող են առգրավվել այնքան ժամանակով, որքան դպրոցի տնօրենը  հարկ կհամարի։ Նոր կանոնները նաև ուսուցիչներին իրավունք են տալիս խուզարկել պայուսակները և իրավական պաշտպանություն են տրամադրում ծնողների հնարավոր դատական հայցերից` առգրավված սարքերը կորցնելու կամ վնասելու համար:

Ուղեցույցի համաձայն՝ դպրոցներին առաջարկվում են չորս տարբեր մոտեցումներ այդ հրահանգի պահպանումն ապահովելու համար: «Ամենապարզ» տարբերակը դպրոցի տարածքում հեռախոսների օգտագործման լիակատար արգելքն է, ընդ որում` աշակերտներին առաջարկվում է դրանք թողնել տանը: Երկրորդ և երրորդ տարբերակները ներառում են հեռախոսներն անձնակազմին հանձնելը կամ պարապմունքների ժամանակ դրանք հատուկ պահարաններում թողնելը: Չորրորդ մոտեցումը թույլ է տալիս հեռախոսները պահել իրենց մոտ, բայց միայն այն «խիստ պայմանով, որ դրանք ոչ ոք չի տեսնի ու լսի»: