ԳլխավորԼուրԿրթություն

Ճանաչե՛ք մեր մշակույթը․ այսօր ժեստերի լեզվի միջազգային օրն է

Լսողական խանգարում ունեցողները «լսողների աշխարհում» խնդիրների են բախվում: Այդ խնդիրներին ծանոթանալու նպատակով «Արմենպրեսն» այցելել է Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, որն իր տեսակով միակն է ամբողջ Հայաստանում։

Դարպասներից ներս ենք մտնում, մեզ ջերմաչափում են և ուղեկցում տնօրենի մոտ։ Այնտեղ սովորող երեխաները նայում ու ժպտում էին. դրական էներգիան ապահովված էր։ Հասանք տնօրեն Լուսինե Բաբայանի աշխատասենյակ, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Մինչ հարցազրույցը սկսելը խնդրեցի կանչել մի քանի երեխայի, որպեսզի ծանոթանանք, ինչպես նաև ցանկանում էի, որ իրենց սրտի խոսքն ասեն «լսողների աշխարհում» գտնվողներին։

Քիչ անց նրանք ներս մտան ու դիմակների տակից պայծառ աչքերով ժպտացին մեզ՝ լուսանկարչին ու ինձ։ Նրանց հետ էր նաև իրենց ուսուցիչը՝ Զուբեյդա Մելիքյանը, ով այնտեղ աշխատում է անվճար հիմունքներով։ Կրթահամալիրի աշակերտները ժեստերի լեզվով ասացին. «Խուլեր, լսողներ… Աշխարհում բոլորս հավասար ենք: Ճանաչե՛ք մեր մշակույթը»: Արտահայտությունն ասելու ընթացքում նրանք մի քանի անգամ բողոքեցին դիմակներից, քանի որ իրենց համար կարևոր է տեսնել շրթունքները, դիմախաղը, ինչը դիմակն անհնար է դարձնում։

Նրանցից մեկը՝ 11-րդ դասարանցի Բելլա Հայրապետյանը, ցանկանում է դառնալ մնջախաղի դերասան։

«Դպրոցում բացվել էր մնջախաղի խմբակ, սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես է ամեն ինչ ընթանալու, սակայն 3-4 տարի պարապելուց հետո հստակ որոշել եմ դառնալ մնջախաղի դերասան։ Դպրոցում շատ խմբակներ կան, ես էլ սիրում եմ «քիթս ամեն տեղ մտցնել», ինձ ամեն ինչ հետաքրքրում է։ Շատ եմ սիրում նաև հիփ­հոփ պարել»,- ասաց Բելլան, ով շատ գեղեցիկ երկնագույն աչքեր ուներ, որ անմիջապես առանձնանում էին։

Աշակերտներից մյուսը՝ նույնպես 11-րդ դասարանցի Ժորժ Լալայանն ասում է. «Շատ եմ սիրում նկարչական արվեստ, դիզայն։ Ես ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ զգում եմ ու ցանկանում եմ յուրահատուկ բաներ ստեղծել։ Ուսումնասիրում եմ մինչև 70-ականների հագուստի դիզայնը։ Դպրոցում «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև «Պատմություն» առարկաներն եմ շատ սիրում։ Այստեղ հաճախում եմ մեր որոշ խմբակներ, քանի որ ինձ շատ բաներ են հետաքրքրում»,- նշեց Ժորժը։ Նա շեշտեց, որ շուտով ավարտելու է դպրոցը, ընդունվելու է բուհ և, անկեղծանալով, ասաց. «Ինձ համար այս ամենում կարոտ կա, արդեն կարոտում եմ դպրոցն ու այս միջավայրը»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here