ԳլխավորԼուր

Քանի դեռ պատվաստանյութ չկա, սահմանափակումները կպահպանվեն. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարծիքով՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պատճառով մտցված սահմանափակումները կգործեն, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ամեն օր հայտնաբերում ենք երկու, նույնիսկ՝ 3 հազար կրկին վարակվածների։ Չնայած հոսպիտալացման նվազմանը, դրանք այնուամենայնիվ հարյուրավոր մարդիկ են, հարյուրավոր ծանր հիվանդ մարդիկ»,-ասել է Սոբյանինը «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 380 հազարի, նրանցից 4142-ը մահացել է, ավելի քան 150 հազարը՝ ապաքինվել։ Մոսկվայում վարակվածների թիվը կազմել է 173 497։

Նախօրեին Սոբյանինը հայտարարել էր, որ ինքնամեկուսացման եւ անցաթղթերի ռեժիմը ՌԴ մայրաքաղաքում երկարաձգվում է մինչեւ հունիսի 14-ը։ Չնայած դրան, նախատեսվում է բացել ոչ մթերային խանութները եւ կենցաղսպասարկման կետերը, որտեղ երկարատեւ շփում չկա հաճախորդի հետ (լվացքատուն, քիմմաքրում, վերանորոգման արհեստանոցներ)։

Քաղաքապետի կարծիքով՝ առայժմ վաղ է խոսել դիմակային եւ սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմից եւ աշխատանքի հեռավար եղանակից հրաժարվելու մասին։ Առայժմ փակ կմնան նաեւ վարսավիրանոցները, ռեստորանները եւ ֆիթնես-կենտրոնները։

Comment here