Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8800 երեխաներ կան ՀՀ-ում, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում, հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՀՊՄՀ-ում մեկնարկած «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում:
ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։ Նախադպրոցական տարիքի 1500 երեխաներ էլ ընդգրկված են ներառական կրթության համակարգում, բայց դա ամբողջական պատկերը չէ, նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների: Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց:
Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ «Յունիսեֆի» աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:
«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը: Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով: Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսումնական պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում: Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: