ԳլխավորԼուր

«Ռուսալ Արմենալ»-ի ներկայացուցիչներն այցելել են Պոլիտեխնիկ

«Ռուսալ Արմենալ»-ի ներկայացուցիչներն այցելել են Պոլիտեխնիկ

Մարտի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հերթական հանդիպումն էր գործատու կազմակերպության հետ։ ՀԱՊՀ-ի և «Ռուսալ Արմենալ» ընկերության միջև կնքված հուշագրի շրջանակներում Պոլիտեխնիկում էին «Ռուսալ Արմենալ» ընկերության ներկայացուցիչները՝ տեխնիկական տնօրեն Արմեն Քամալյանը, կադրերի գծով տնօրեն Սվետլանա Լևենը, երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Թամազյանը։ Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ։

Հանդիպման նպատակն էր աջակցել ուսանողներին  ներգրավվել «Ռուսալ Արմենալ» ընկերության աշխատանքներին, ինչպես նաև կողմնորոշվել աշխատաշուկայում:

«Ռուսալ Արմենալ»-ի հետ կնքված հուշագրի շրջանակներում Պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների,   Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի և Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտների ուսանողները գործնական համագործակցության հնարավություն ունեն:

Ըստ հուշագրի նախատեսվում է թափուր հաստիքների առկայության դեպքում Պոլիտեխնիկի շրջանավարտներին ապահովել աշխատանքով, փոխհատուցել համալսարանին լրացուցիչ դասընթացների և վերապատրաստման կազմակերպման հետ կապված ծախսերը, ապահովել ուսանողների արտադրական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպումը ձեռնարկությունում, ինչպես նաև կուրսային և ավարտական աշխատանքներ իրականացնել «Ռուսալ Արմենալ» ընկերության աշխատակիցների ներգրավմամբ:

«Ռուսալ Արմենալ» ընկերության երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Թամազյանը ներկայացրեց գործարանի պատմությունը, ապագայի տեսլականը, արտադրամասերը և դրանց գործառույթները,  իսկ ամփոփիչ մասում ներկայացրեց ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները՝ հորդորելով զարգացնել մասնագիտական հմտությունները:

Հանդիպումն ավելի առարկայական դարձնելու նպատակով տեղի ունեցավ ակտիվ քննարկում ուսանողների հետ։ Հնչեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին աշխատատեղերին և աշխատանքային պայմաններին։