Մահացել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003) Ռաֆայել Քոթանջյանը։
Ծնվել է 1942 թվականին Թբիլիսում, 1946–ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։
1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968 թ.), «Տղամարդիկ» (1972 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977 թ.), «Օտար խաղեր» (1986 թ.), «Երեքի սրտերում» (1992 թ.), «Ուրախ ուղևորություն» (1994 թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994 թ.), «Մեր բակը» (1996 թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997 թ.), «Ռոքսոլանա» (1998-2003 թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998 թ.), «Սերը չար է» (1999 թ.), «Մեր բակը 3» (2006 թ.), «Պոպրիշչին» (2007 թ.), «Մի՛ նայիր հայելուն» (2009 թ.), «11:41» (2015 թ.) և այլն: 1994 թ. եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008 թ.՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
Ռաֆայել Քոթանջյանը 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003 թ.` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009 թ.` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: