«Բրեվիսի» հետազոտական թիմն այս անգամ պարզել է, թե որ սոցիալական հարթակներն են նախընտրում երևանցիները։
Հարցումը պարզել է, որ երևանաբնակների շրջանում բացարձակ առավելություն ունի Facebook-ը։ 2019 թ. հարցվողների 64․4%-ը նշել է, որ գրանցված է Facebook-ում։ Ընդ որում՝ վերջին 2 տարվա ընթացքում այդ թիվն ավելացել է 2․3%-ով։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում ֆեյսբուքյան օգտատերերը գնալով նվազում են (2017՝ 79%, 2019՝ 62%), հատկապես՝ 2019 թ. սկանդալներից հետո՝ կապված օգտատերերի անձնական տվյալների վաճառքի, ինչպես նաև պարբերաբար առաջացող տեխնիկական լուրջ խնդիրների հետ։
Ուսումնասիրվել է նաև Facebook-ից օգտվելու հաճախականությունը։ 2019 թ. տվյալներով՝ օգտատերերի 78.6%-ը ամեն օր այցելում է Facebook, 13.4%-ը՝ շաբաթը մի քանի անգամ, 3.3%-ը՝ ամիսը մի քանի անգամ, 1.4%-ը՝ ավելի հազվադեպ, իսկ 3.3%-ը, չնայած գրանցված լինելուն, ընդհանրապես չի օգտագործում Facebook-ը։
Instagram-ը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Երևանում, ունի աճի ամենաարագ տեմպը՝ 5․6% 2019թ․ 2017թ․ համեմատ։ Այս հարցում գերազանցել ենք անգամ Միացյալ Նահանգներին, որտեղ 2017-2019թթ․ գրանցվել է 2% աճ։
Twitter-ը շարունակում է պահպանել կայուն դիրքերը։ Վերջին 6 տարիների ընթացքում գրանցված ամենամեծ աճը եղել է 2015 թ., երբ նախորդ տարվա համեմատ օգտատերերն ավելացել են 1․3%-ով՝ հասնելով 7.4%-ի։ Իսկ 2019 թ. թվիթերյան օգտատերերը կազմել են հարցվողների 5․8%-ը։ Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2017 թ.։
LinkedIn-ը գրանցել է օգտատերերի նվազում Երևանում։ 2019 թ. հարցվողների 4․8%-ն է նշել, որ LinkedIn-ի օգտատեր է, ինչը 1%-ով պակաս է 2017 թ. տվյալից։ ԱՄՆ-ում նույնպես օգտատերերի նվազման միտում է նկատվում։
Երևանցիների շրջանում աստիճանաբար դիրքերն են կորցնում ռուսական սոցիալական հարթակները։ Այսպես, Odnoklassniki սոցցանցի օգտատերերի թիվը 2017թ. համեմատ նվազել է 2․8%-ով՝ գրանցելով վերջին 6 տարիների ամենացածր ցուցանիշը՝ 20․8%։ 2017թ. համեմատ 1.5%-ով նվազել են vKontakte սոցցանցի օգտատերերը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։