ԳլխավորԼուր

Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Ռազմիկ Դավոյան

Այսօր կյանքից հեռացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Բանաստեղծը 82 տարեկան կդառնար այս տարվա հուլիսին։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

Ռազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ:

Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

***

Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք, և սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,

Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողմերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա՛ռ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կըկրկընեմ.

Կերթանք կամաց-կամաց,
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց

Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհո՜ւն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում: