ԳլխավորԼուր

Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել։ Այդ մասին նա ասել է ժողովրդին հղված ուղերձում։

«Ազատագրված տարածքներում մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ եմ համարում պաշտպանել ՊՆ և ԳՇ առաջարկը՝ մասնակի մոբիլիզացիա անցկացնելու վերաբերյալ»,- ասել է նա։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հատուկ գործողության հիմնական նպատակները մնում են անփոփոխ, ԼԺՀ-ն ամբողջությամբ ազատագրվել է, ԴԺՀ-ն՝ մասնակի։

Համապատասխան հրամանագրում մասնավորապես նշված է.

Զինվորական ծառայության կզորակոչվեն միայն այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին` զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտությունների և համապատասխան փորձի առկայության դեպքում,

Նախքան զորամասեր ուղարկելը նրանք անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային և ֆինանսական աջակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառավարության կողմից անհապաղ։

Պուտինն իր ուղերձում նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, ու դա բլեֆ չէ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ այսօր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։

Նա նշել է, որ  Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ, իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Շոյգուի, շուրջ 100 000 են։

«Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստները գերազանցել են 100 հազարը։ Նրանցից 61 207–ը զոհվել է, 49 368–ը` վիրավորվել։ Բանակի գրեթե կեսը կորսված է»,- ասել է Շոյգուն։

Նա նաև հայտարարել է, որ մասնակի զորահավաքը ոչ մի դեպքում չի վերաբերվում բուհերի ուսանողներին։ Ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազորային։