ԳլխավորԼուր

Հայաստանի շախմատի հավաքականը միանձնյա առաջատար է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի դեմ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, և հաղթել է 2,5:1,5 հաշվով:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2,5:1,5), Ավստրիայի (3:1) և Անգլիայի (2,5:1,5) հավաքականներին:

Կանանց Հայաստանի հավաքականն էլ 6-րդ տուրում մրցում է Անգլիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), պարտվել էր Էստոնիային (1,5:2,5) :

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Այն կավարտվի օգոստոսի 10-ին։