ԳլխավորԼուր

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում քամին ավերածություններ է պատճառել

Դեռ երեկվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։